Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող՝ գնդապետի որդի Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանը կպահանջի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել:
«Այն փորձագետը, որ տվել է եզրակացություն, որ սպանությունից հետո է կախվել Հայկազ Բարսեղյանը, ի՞նչ եք կարծում, կգա դատարան ու այլ բան կասի՞: Փորձագետի պատասխանների մի մասը չի կարելի համարել սպառիչ, դրանք հակասում էին բժշկության տեսությանը, ես կարծում եմ՝ օբյեկտիվ չէ, մահը վրա է հասել կախվելու հետեւանքով»,- այսօր՝ մարտի 3-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձագետի հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը:
Արա Զաքարյանը նշեց, որ ինքը կարծում է՝ եղած տվյալները բավարար են կրկնակի փորձաքննության ժամանակ եզրակացություն տալու համար:
Նշենք, որ փորձագետը դատարանում այսօր հիմնավորեց, որ Հայկազ Բարսեղյանը չէր կարող կախվել, քանի որ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, իսկ կախվելու հետեւանքով պարանոցի ճմլման ակոս է առաջացել հետմահու:
Արա Զաքարյանը փորձագետին տարբեր հարցեր տվեց դատարանում՝ փորձելով ապացուցել, որ Հայկազ Բարսեղյանը կարող էր ինքնուրույն կախվել: Նրա բոլոր հարցերին փորձագետը տվեց պատասխաններ, որոնց փաստաբանը ոչնչով չհակադարձեց:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։




























