Ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը համարում է, որ սպանության մեղադրյալներից Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանի ընտրած պաշտպանական մարտավարությունը նրան կործանման է տանում որպես փաստաբան:
«Որ օրը, որ ինքը հայտարարեց, որ ինքնասպանություն ա, այդ ժամանակ «շախն» էր, իսկ այսօր տեղի ունեցավ «մատը»: Ինքը կործանված մարդ ա: Թող մտածի, որ Էս դատից հետո ինքն արդեն Հայաստանում ամենավատ փաստաբանն ա: Ես նրան ուղղակի խղճում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը:
Նշենք, որ փորձագետը դատարանում մարտի 3-ին հիմնավորեց, որ Հայկազ Բարսեղյանը չէր կարող կախվել, քանի որ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, իսկ կախվելու հետեւանքով պարանոցի ճմլման ակոս է առաջացել հետմահու:
Արա Զաքարյանը փորձագետին տարբեր հարցեր տվեց դատարանում՝ փորձելով ապացուցել, որ Հայկազ Բարսեղյանը կարող էր ինքնուրույն կախվել: Նրա բոլոր հարցերին փորձագետը տվեց պատասխաններ, որոնց փաստաբանը ոչնչով չհակադարձեց: Այնուամենայնիվ, Արա Զաքարյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ իր համար սպառիչ չեն եղել փորձագետի պատասխանները, ինքը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կպահանջի:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։




























