Հայաստանի եզդի, ռուս, ասորի եւ քուրդ համայնքների ներկայացուցիչները հնարավոր է՝ մանդատներ ունենան 2017թ. ձեւավորվելիք Ազգային ժողովում: Մարտի 3-ին ՀՀ Կառավարության հավանությանն արժանացած Ընտրական օրենսգրքով նախագծով առաջարկվում է 4 մանդատ բաշխել ազգային փոքրամասնությունների միջեւ, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը հատուկ գործակցով եւ այդ ազգային փոքրամասնության քանակի հաշվարկով:
NEWS.am-ին Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնից հայտնեցին, որ 2011թ. հոկտեմբերի մարդահամարի տվյալներով եզդի, ռուս, ասորի եւ քուրդ համայնքները խոշորագույնն են Հայաստանում:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի եզդի համայնք ունի 35 380, ռուսները՝ 11 911, ասորիները՝ 2 769, քրդերը՝ 2062 բնակիչ:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը հավանություն է ստացել մարտի 3-ին Կառավարության նիստում։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ աշխատանքային շաբաթը կսկսվի չորեքշաբթի։ Հետեւաբար նախագիծը խորհրդարան կներկայացվի մարտի 9-10-ը:
Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները կլինեն միասնական եւ համապետական։ Դրանք անցկացվելու են բացառապես համամասնական ընտրական համակարգով:





























