5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանը ԱԺ պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին խնդրում է ներկա գտնվել բջջային հեռախոս պահելու համար իր նկատմամբ սահմանված վարչական տույժի բողոքարկմանը: Դրա համար տույժի ենթարկվելն ու  վաղաժամկետ ազատման իրավունքից իրեն 5 տարով զրկվելը Արթուրն աբսուրդ է համարում ու ուզում է՝ պատգամավորը օրենքի փոփոխություն ձեռնարկի:

«Իրենք են ներկայացնում օրենքները, դրա համար թող ներկա գտնվի, տեսնի, թե ինչի է բերում օրենքը: Աբսուրդ է, որ հինգ տարով զրկում են, թող փոփոխություն անեն ու շեմը գոնե մի քանի տարով իջեցնեն»,- մարտի 3-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Արթուր Մկրտչյանը:

Արթուր Մկրտչյանը, որ տույժի է ենթարկվել երկու անգամ իր մոտ եղած բջջային հեռախոսը ինքնակամ հանձնելուց հետո, կարծում է՝ արդար չէ նման որոշումը:

«Պետք է կալանավորը խրախուսվի, իմանա՝ եթե ինքնակամ ա հեռախոսը հանձնում, տույժից  պրծնում ա, եթե չէ, ինքնակամ ինչո՞ւ տա: Եթե ինչ էլ ասի՝ տուգանելու են, ուրեմն չի տա, կարող ա՝ չգտնեն, էլի ինչ-որ ժամանակ պահի, ընտանիքի, հարազատների հետ խոսի»,- ասաց Արթուր Մկրտչյանը:

Նշենք, որ Արթուրը, որ 19 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մարտի 3-ին քրեակատարողական հիմնարկից դուրս էր եկել: Նա 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով 1997 թ. դատապարտվել է մահապատժի, որն  այնուհետեւ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Արթուրը պնդում է, որ անմեղ է, ծառայակիցներին սպանել են իրեն անծանոթ մարդիկ, որոնք դեպքի օրը իր հետ եղել են մարտական հենակետում, որտեղ կատարվել է սպանությունը:

Արթուր Մկրտչյանը 5 տարի առաջ երկու անգամ ինքնակամ հանձնել է հեռախոսը: Նրա խոսքով՝ իրեն ասել են՝ եթե ինքնակամ հանձնի, պատասխանատվության չի ենթարկվի: Այնուամենայնիվ, Արթուրին վարչական տույժի են ենթարկել: Երբ երկրորդ անգամ է հեռախոսը հանձնել, դա դիտվել է որպես «չարամիտ խախտում»: 

20 տարի պատիժը կրելուց հետո վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ստացած Արթուրի դիմումը հանձնաժողովը չի քննարկել՝ պատճառաբանելով, որ ըստ օրենքի, նա պետք է վերջին հինգ տարիների ընթացքում խախտում գործած չլինի: