Ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող՝ Գեւորգ Սաֆարյանի գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը նշեց, որ գործը 15 օրից դատարանում կլինի եւ քննության օր կնշանակվի:

Նշենք, որ փաստաբանը բողոքարկել է Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարացնելու՝ դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: