Ազատամարտիկ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, ով իր թեկնածությունն առաջադրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, վստահ է, որ եթե թողնեն, այս անգամ ջախջախիչ հաղթանակ կտանի:

«Եթե թողնեն, կտեսնես` ոնց եմ ջախջախելու»,- NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է մեծամասնական ընտրակարգով քանիցս  պատգամավոր դարձած Սասուն Միքայելյանը:

Պարոն Միքայելյան, թողնել ասելով` ի՞նչ նկատի ունեք, որ չկեղծե՞ն ընտրությունների արդյունքները:

Չէ, կեղծելու մասին չէ, նման բան չի կարա լինի: Եթե ընտրություն է, իշխանությունները պետք է հասկանան, որ  թողեն մարդիկ ազատ պայքարեն: Ես Հրազդանում նոր մարդ չեմ, երկար ու ձիգ տարիներ ընտրվել եմ ժողովրդի կողմից: Էս վերջին տարին ինչ-որ թվեր աճեցրին, խարդախություններ արեցին… Այսինքն` եթե 18-20 հազար մարդ է մասնակցել, ցույց են տվել 25 հազար մարդ, թե որտեղից բերին, չիմացանք: 4-5 անգամ ես պատգամավոր եմ ընտրվել Հրազդանից, առաջին քաղաքապետն էլ ես եմ եղել, ժողովուրդը կորոշի… եթե թողնեն, կտեսնես` ոնց եմ ջախջախելու:

Հրանտ Բագրատյանն առաջարկում է ընդդիմադիրները միավորվել եւ դաշինքով մասնակցել 2017-ի  խորհրդարանական ընտրություններին, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու: Ինչո՞ւ չմիավորվել ընդդեմ իշխանության:  2007-2008-ին  Դուք էլ տեսաք` միավորումը ինչ արձագանք կարող է ունենալ:

Դա 1988-ից հետո զարթոնք էր, 2008-ին ժողովուրդը ամեն ինչով լցված էր, հասկանում եք: Հիմա դաշինք կազմելն էն ուժը չի, ինչ  որ 1988-ին: 2008-ին ժողովուրդն արեց ամեն ինչ, պահի տակ կանգնեց ոտքի: Վերջին ժամանակներս տեսանք` միշտ պրոբլեմ  են եղել դաշինքները: Գալիս է մի պահ, մեկն ասում է` իմ անունը գրեք, մյուսը` իմ կուսակցության…. Մենք էլ որոշել ենք, որ ճիշտ կլինի առանց դաշինքի գնալ:

Նորաստեղծ կուսակցության համար, որը դեռ քիչ ռեսուրսներ ունի, վտանգավոր չէ՞ միայնակ ընտրություններին մասնակցելը:

Ձեր կարծիքով համախմբելու դեպքում բարդ չի՞ լինելու: Դաշինքները մինչեւ համախմբումն են քանդվել: Կամ էլ որ գնացել են ընտրության, իրար պատերազմ հայտարարած են գնացել: Ներկա պահին անարդյունավետ է համախմբումը: Բայց որ այնպիսի պահ լինի, որ ժողովուրդն ըմբոստանա, էդ ժամանակ կարելի է համախմբվել, կանգնել, ժողովրդին ղեկավարել: Գալիս է մի պահ` ուժերը հայբուդուր դնում ու հետ են քաշվում:  2008-ին հարթակը ո՞նց ձեւավորվեց: Այդ անհատները ծնվում են շարժումից, ըմբոստությունից… Մենք որ հրամանատար ենք դարձել,  ո՞նց ենք դարձել: Ես  ռազմական կրթություն չեմ ունեցել, պահանջ կար ժողովրդի, հետո մենք կարողացանք ջոկատներ ձեւավորել ու դարձանք հրամանատար: Ամեն ինչն էլ կարողացավ համախմբել Վազգեն Սարգսյանը, եւ մենք չհելանք իրար դեմ, գնացինք թուրքի դեմ ու հաղթեցինք:  Պայքարից են լիդերներ ծնվում: Ես չեմ բացառում, որ 2017 թվին ինչ որ բան ծնվի, բայց հիմա դաշինքն արդյունավետ չի:  Բայց դեռ չի նշանակում, որ եթե իրավիճակը թելադրի, չպետք է համախմբվենք: Մենք պիտի էս վիճակից դուրս գանք:

Ինչպե՞ս դուրս գանք:

Եթե պետության մեջ ընդդիմություն չեղավ, էդ պետությունը պետություն չի լինի: Նորմալ ընդդիմություն է պետք:

Խորհրդարանում կա արմատական  ընդդիմություն, բայց ոչինչ չի փոխվում, քանի որ ազդեցություն չունի մեծամասնության վրա: Առաջիկայում նույն իրավիճակն է կանխատեսվում, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ ամրագրվեց հաջորդ մեծամասնությունը:  Այս պարագայում ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Մի օր քամին կհավաքի կտանի… լուրջ եմ ասում (ծիծաղում է` հեղ.): Ես որ արդեն սկսել եմ ուսումնասիրել, թե ոնց են եղել հեղաշրջումները, հեղափոխությունները,  հասկացել եմ` սուտի բանից երկրում իշխանափոխություն, հեղափոխություն է եղել:  Պետք չի էն վիճակով պահես երկիրը,  որ մի կայծից կրակ բռնկվի,  հիմա մեր երկիրը էդ իրավիճակի մեջ է: Որտեղից կայծ եղավ, երկիրը բռնկվելու է: Պիտի նենց անենք, որ էդ կրակը վերանա:

Խորհրդարանում  ընդդիմությունը, կարծեք թե, անզոր է  իրավիճակ փոխել, ի՞նչ եք մտածում խորհրդարանից դուրս փորձ անելու մասին, պարոն Միքայելյան:

Ոչ մի ընդդիմության ղեկավար թող չփորձի ժողովրդից բողոքի, ժողովուրդը միշտ կանգնած է եղել, էսօր էլ ժողովուրդը  պատրաստ է,  միշտ իրենք են ապակողմնորոշել ժողովրդին, հանել են ոտքի ու հետ են քաշվել: Տեսնենք` ինչ կլինի 2017-ին, բնականաբար,  հեշտ չի լինելու, շատ բարդ է լինելու: