ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Ազատության հրապարակից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Հայկ Հ.-ն, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հայկ Հ.-ի մոտից հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ շուրջ 5 ամիս կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: