Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը մարտի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր, որտեղ ներկայացրել է ոստիկանության մարզային վարչությունների նոր պետերին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանին, իսկ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում՝ վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին:

Ներկայացնելով ոստիկանության մարզային վարչությունների նորանշանակ պետերին՝ Հունան Պողոսյանը համակարգի բարեփոխումների համատեքստում կարեւորել է ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունը, աշխատանքային կարգապահության բարձր մակարդակի անհրաժեշտությունը և համոզմունք հայտնեց, որ վարչությունների և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերը կշարունակեն կատարել իրենց առջև դրված կարևորագույն խնդիրները:

Խորհրդակցությունների ավարտին Հունան Պողոսյանը վարչությունների պատասխանատուներին տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: