Հայաստանում ծնելիությունը վերջին տարիներին նվազել է, եթե 1990-ին Հայաստանում ծնվել է 80 հազար երեխա, ապա հինա այդ ցուցանիշը 42-43 հազարի սահմաններում է: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրին նվիրված լսումների ժամանակ նշել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ վիճակն ավելի անմխիթար է եղել 2000 թվականին, երբ Հայաստանում արձանագրվել է մոտ 30 հազար ծնունդ:

Նա ընդգծել է, որ փորձագետների հաշվարկների համաձայն 2035 թվականին երեխաների թիվը երկու անգամ պետք է նվազի: «1990 թվականին ծնված 80 հազար երեխայից 40 հազարն աղջիկներն էին, որոնք այս պահին քսանվեց տարեկան են եւ սա ամենաօպտիմալ ցուցանիշն է երեխա ունենալու։ Եվ եթե վերցնենք, որ 2000-ին ծնված երեխաների թիվը նվազել է եւ դարձել է 30 հազար, ապա 40 հազարանոց մայրանալու պատրաստ բանակին փոխարինելու է եկել 15 հազարանոց բանակը, ինչն, իհարկե, մտահոգիչ է»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով ներկայացված ծրագրին, Արմեն Մուրադյանը նշել է, որ իրենք առաջարկել են 14 մլրդ դրամով ավելացնել միայն ծննդօգնության ֆինանսավորումը: Նրա խոսքով, այսօր ծննդօգնության ոլորտը ծախսում է մոտավորապես 8,5 մլրդ դրամ եւ ապահովում է  43 հազար ծնունդ, ինչը 4 անգամ ավելի քիչ է, քան հարեւան երկրներում:

Նախարարը նկատեց, որ թեեւ ծնելիության նվազող դինամիկային, Հայաստանում մահացության եւ ծնելիության տարբերությունը դրական է, այսինքն կա բնական աճ: