Տաքսիների լիցենզավորման եւ տուգանքների համար սահմանված գները իջեցնել պահանջող՝ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կվերսկսի բողոքի ակցիաները, եթե իրենց  բարձրացրած խնդիրները մոտ ժամանակում չլուծվեն:

«Տեսախցիկները նկարում են, ԱՊՊԱ-ն մի կողմից, Ճանապարհային ոստիկանությունը մի կողմից, բոլորով մտել են մեր գրպանը: Առայժմ մենք  լրտավամիջոցների միջոցով ենք բարձրացնում խնդիրները, որ ականջալուր լինեն, սակայն եթե տրանպորտի նախարարությունը հարցերին լուծում չկա, կվերսկսենք բողոքի ակցիաները»,- այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արսեն Պետրոսյանը:

Նախաձեռնության անդամների խոսքով՝ տաքսիների լիցենավորման գինը չափազանց բարձր է: Նրանք պահանջում են այն 12 հազար դրամից իջեցնել 5 հազարի եւ նույն սակագինը կիրառել թե Երեւանում, թե մարզերում, բացի այդ՝ իջեցնել նաեւ լիցենզիայի բացակայության դեպքում սահմանված 50 հազար դրամը:

Նախաձեռնության անդամները դժգոհ են նաեւ ԱՊՊԱ-ն ուշացնելու համար սահմանված տուգանքներից:

«Մարդը երկու օր ուշացումով էր ապահովագրությունն արել, 100 հազարով տուգանվել էր: Հարգելի ԱՊՊԱ ընկերություններ, դժվա՞ր է 100 դրամ ծախսել ու նամակ ուղարկել, որ լրացել է ԱՊՊԱ-ն»,- ասաց Արսեն Պետրոսյանը: