Հաշվի առնելով Իրանում, Թուրքիայում եւ Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը եւ առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նշված հիվանդության հարուցիչի ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու եւ հնարավորինս արագ հակաժանտախտային պատվաստանյութ ձեռքբերելու նպատակով` ծառայությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի» հետ: Կառավարությունը մարտի 3-ի նիստում արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում, որը հնարավորություն կընձեռի արագ ձեռք բերել անհրաժեշտ պատվաստանյութը:
Ծառայությունը նախատեսում է նշված երկրների սահմանային գոտում գտնվող եւ հիվանդության նկատմամբ ընկալունակ բոլոր կենդանիների շրջանում ամենամյա կանխարգելիչ հակաժանտախտային պատվաստումներ կատարել:
Ներկայումս մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ապահով է:





























