Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատարանում շարունակվում է վկաների հարցաքննությունը։
Մարտի 4-ի դատական նիստում առաջինը ցուցմունք տվեց Երազգավորս գյուղի բնակիչ Միքայել Խլղաթյանը։ Պատմելով անցյալ տարվա հունվարի 12-ի երեկոյան դեպքերի մասին՝ վկան հայտնեց, որ կեսգիշերին մոտ մեքենայով շրջելիս է եղել, երբ լույս է նկատել։ Մտածել է՝ որսորդներ են։ Սկզբում մոտեցել է, կանգնել, հետո համոզվել է, որ դա մեքենա է։ Գյումրիում կատարված սպանության մասին նա այդ պահին չգիտեր։
Հաշվի առնելով, որ վկան հարցերին պատասխանում էր կցկտուր, կողմերի հղած հարցերը բազմաթիվ չեղան։ Այդուհանդերձ դատախազի միջնորդությամբ հաշվի է առնվել վկայի նախկինում տված ցուցմունքը։
Դրանից պարզ է դառնում, որ այդ երեկո տղամարդը բարեկամի հետ մեքենայով գնում էր պապի տանից, որը գտնվում է սահմանից կես կմ հեռավորության վրա։ Սպանության մասին նա իմացել է մամուլից, ընդ որում, ենթադրյալ մարդասպանի լուսանկարը նա հիշել էր։ Ճանապարհին մեքենա էր տեսել, կարծել էր, թե որսորդներ են։ Փշալարից մոտ 30 մ հեռավորության «Ուազ» էր տեսել։ Նրան մոտեցել էր մի տղամարդ եւ հայտնել, որ Պերմյակովին բռնել են։ Ձերբակալվածին ինքը չի տեսել։ Հետդարձի ճանապարհին տեսել էր Աշոտ Ալեքսանյանին, նրան հայտնել Պերմյակովի ձերբակալության մասին։ Ասել էր, որ թույլ չեն տալիս մոտ գնալ։ Որոշել էին միասին մոտենալ եւ փորձել տեսնել, թե ինչ է կատարվում։ Այդպես էլ արել էին։ Տեսել էին, թե ինչպես են ձերբակալվածին նստեցնում մեքենան եւ տանում։
Հարցին, թե հակասություններ կան այն կապակցությամբ, որ նախորդ ցուցմունքի ժամանակ ասել է, թե տեսել է Պերմյակովին, իսկ հիմա ասում է, թե չի տեսել, վկան անըմբռնելի պատասխան տվեց, որից պարզ դարձավ, որ հեռվից շատ մարդկանց է տեսել, բայց ում է տեսել, պարզ չէ։ Եղել են համազգեստով մարդիկ, սակայն ոստիկաններ, թե զինվորականներ, չի կարող ասել։ Վկան մեկ պնդում էր, թե տեսել է Պերմյակովի դեմքը, մեկ ասում էր, թե չի կարողացել որոշել մեքենաների ապրանքանիշը։ Իր հակասական ցուցմունքը վկան հաստատում էր հետեւյալ բառերով. «Ոնց ասում եք, այդպես էլ եղել է»։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























