Գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության զարգացման շոգեքարշը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները նախարարին  ներկայացրել են «Արարատյան բակալավրիատի» եւ Կրթության գերազանցության ազգային ծրագրերը: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ Արարատյան բակալավրիատը ստեղծվել է որպես միջազգային բակալավրիատի ազգային ծրագիր, որն այս պահին դիտվում է  պետական կրթական չափորոշչին համապատասխանող փորձնական-այլընտրանքային կրթական ծրագիր՝  գերազանցության համաշխարհային կրթական պլատֆորմների հենքով /համարժեք a-level մակարդակին/:  «Այբ» կրթական հիմնադրամի մշակած Արարատյան բակալավրիատը հայալեզու ծրագիր է, որն ունի ազգային կարեւոր առանձնահատկություն: Նախարարին զեկուցվել է, որ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն` Արարատյան բակալավրիատի արդյունքների ճանաչման վերաբերյալ:

Կարեւորելով ծրագրի գաղափարը՝ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ընդգծել է  գերազանցության ծրագրի դերակատարումը կրթության  համակարգի զարգացման գործում. «Շատ կարեւոր է, որպեսզի մենք Գերազանցության ազգային ծրագրի հիմքում դնենք հետեւյալ գաղափարական սկզբունքը` գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության համակարգի զարգացման շոգեքարշը: Այն անպայման պետք է կարողանա իր հետեւից տանել ողջ համակարգը, որպեսզի ծառայի իր  հիմնական նպատակին: Գերազանցության ծրագրի սահուն  ինտեգրումն ընդհանուր հանրակրթության համակարգ պետք է  նպաստի ընդհանուր հանրակրթության մակարդակի բարձրացմանը, որը պակաս կարեւոր չէ, քան գերազանցության գաղափարը: Ծրագրի շուրջ պետք է ապահովենք մասնագիտական փոխհամաձայնություն, որպեսզի այն դառնա լուրջ հնարավորություն կրթության  զարգացման համար»,-  շեշտել է նախարար Լեւոն Մկրտչյանը: 

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ  գերազանցության կենտրոն-դպրոցների ընտրության, ֆինանսավորման, քննությունների արդյունքների ճանաչման եւ համադրելիության խնդիրներին:

Քննարկման  արդյունքում նախարար Լեւոն Մկրտչյանը հանձնարարել է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավական դաշտի համապատասխանության պահանջները, ինչպես նաեւ  կմշակի Գերազանցության ազգային ծրագրի իրագործման փորձնական դպրոցների ընտրության  չափանիշները: