Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գարրի անունով չիհուահուա քոթոթ է նվիրել 11-ամյա Ալինա Զիկովային, որը ծնողների հետ Սեւաստոպոլ է տեղափոխվել Դոնեցկի մարզից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Նշվում է, որ շնիկին աղջկան է հանձնել Սեւաստոպոլի փոխնահանգապետ Եվգենի Դուբովիկը: 

«Ալինան նամակ էր գրել նախագահին, որպես բարի հրաշագործի, եւ պարզվեց, որ երազանքներն իրականանում են», — ասել է նա:

Աղջկա մայրը` Լարիսան, պատմել է, որ ընտանիքը տեղափոխվել է, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններ են սկսվել: 

«Նա վաղուց էր շան մասին երազում, բայց մենք չէինք գնում: Նա ասաց. եթե դուք չնվիրեք, նախագահը կնվիրի: Ինքը համացանցում գտավ հասցեն եւ նամակ գրեց: Իսկ հետո ինձ զանգում են եւ ասում. մենք շան հարցով ենք զանգել: Մտնում եմ սենյակ, իսկ նա ուրախությունից լալիս է», — ասել է նա:

Ինքը` Ալիսան տանն է սովորում երիկամների հետ կապված խնդիրների պատճառով եւ այժմ բուժման կուրս է անցնում: 

«Ես ուղղակի հեռուստացույցով տեսա, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը երեխաներին շուն է նվիրում եւ որոշեցի նամակ գրել նրան: Ես այնքան երջանիկ եմ: Գարրիի համար հրաշագործի հագուստ կկարեմ», — ասում է Ալիսան: