Երեւանի կենտրոնում «Ամերիկաբանկի» նոր մասնաճյուղը կարող է հաճախորդներին սպասարկել նաեւ երեկոյան ժամերին: Այս մասին լրագրողներին մարտի 4-ին հայտնել է «Ամերիաբանկի» մանրածախ գործարքների գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ «Մետրոնոմ» ստորգետնյա առեւտրի կենտրոնում «Երիտասարդական» մասնաճյուղի բացման ժամանակ:

«Մենք ուզում ենք լինել այնտեղ, որտեղ մեր հաճախորդները շատ են: Իսկ այստեղ շատ մարդիկ են գալիս, ու հիմա նրանք կկարողանան տեղում օգտվել նաեւ բանկի ծառայություններից»,- հայտնել է Բարսեղյանը:

Նոր մասնաճյուղը աշխատելու է շաբաթաական 7 օր, 10:30-ից մինչեւ 21:30-ը:

2016 թ. ընթացքում բանկը ծրագրում է եւս մեկ մասնաճյուղ բացել, որի գտնվելու վայրի մասին ավելի ուշ հայտնի կդառնա:

Իսկ նորաբաց մասնաճյուղը՝ արդեն երկրորդը («Երեւան մոլում» բաժանմունքից հետո), հատուկ մարդաշատ առեւտրի կենտրոնների համար նախատեսված դիզայնով է, հավելեց Բարսեղյանը:

«Սրանք փոքրիկ մասնաճյուղեր են մարդկանց մեծ կուտակումների վայրերում: Մասնաճյուղերը փոքր են, բայց առաջարկվող ծառայությունների հավաքածուն միանգամայն բավարար է: Իսկ կողքին տեղադրված ինքնասպասարկման տերմինալներից կարելի է օգտվել ցանկացած պահի՝ գումար կանխիկացնել, լրացնել հաշիվը, փող փոխանցել մի հաշվից մյուսը, կոմունալ վճարներ անել եւ այլն»,- տեղեկացրեց Բարսեղյանը:

«Ամերիաբանկը» Հայաստանի բանկային ոլորտի առաջատարներից մեկն է՝ թե հիմնական ֆինանսական,  թե հեռակա բանկինգի ժամանակակից ծառայությունների զարգացման ցուցանիշներով: