Ստեղծվել է «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն, որը զբաղվելու է Հայաստանում գործարար սիրիահայերի խնդիրների լուծմամբ, նրանց աջակցությամբ: Այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿ անդամ, սիրիահայ գործարար Ներսես Գեւոն:

«Մեր խնդիրը սիրիահայերի խնդիրներին  հետամուտ լինելն է ու նրանց խնդիրները լուծելը, որպեսզի նրանք կարողանան զարգացնել իրենց բիզնեսն այստեղ: Մենք բազմաթիվ պետական կառույցների ենք դիմել եւ ստացել ենք դրական արձագանք, խոստացել են աջակցել մեզ»,-ասաց նա:

Հայաստանում արդեն երեք տարի գտնվող սիրիահայ գործարար, մասնագիտությամբ Կարո Դադաղլյանն էլ նշեց, որ կարողացել է զարգացնել իր բիզնեսը եւ այսօր կարողանում է որոշ չափով աջակցել  Հայաստան նոր ժամանած սիրիահայ գործարարներին:

«Ինչ-որ երկրում բիզնես ստեղծելու  համար պետք է ծանոթանալ հարկային դաշտին, մենք այդ հնարավորությունը չունեցանք: Սակայն այժմ բոլոր խնդիրները լուծվել են, մենք էլ ենք Հայաստանի քաղաքացիներ եւ պետք է շարժվենք այն օրենքներով որոնք կան այստեղ: Եթե մարդ ճարպիկ լինի եւ համբերություն ունենա, բոլոր հարցերն էլ կլուծվեն, չեն հեռանա Հայաստանից»,-ասաց նա: