Ընտրական օրենսգրքի նախագիծը կարել է Վենետիկի հանձնաժողով ուղարկել մի քանի անգամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Հովհաննես Սահակյանն` անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատություններին, որ այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով առանց հայաստանյան քաղաքական ու հասարակական ուժերի հետ քննարկելու:

«Ես որեւէ խնդիր չեմ տեսնում այդտեղ, նախագիծը Ազգային ժողովում ծավալված քննարկումներից  հետո մեկ անգամ էլ կարելի է ուղարկել  Վենետիկի հանձնաժողովին արդեն լրացված տեսքով»,-ասաց պատգամավորը:

Մեր հարցին, թե  հավանականություն կա՞, որ ԱԺ լսումներից հետո ընդդիմության առաջարկները կներառվեն նախագծում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.  «Այս պահին եկեք բովանդակային քննարկման մասով ոչինչ չասենք, երբ  կտեսնենք քննարկումների զարգացումները,  վերջնական արդյունքը, նոր կարող ենք դրանից խոսել: 2-րդ-ից 3-րդ ընթերցման դեպքում եթե չընդգրկվեցին առաջարկները, էն ժամանակ  պատասխան կտանք, թե որն ինչի համար տեղ չի գտել ու կյանքի կոչվել»:

Նշենք, որ ընդդիմադիր ուժերը անընդունելի են համարում, որ նախքան երկրի ներսում քաղաքական ուժերի հետ քննարկումներ անցկացնելը, ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: