Մարտի 4-ին Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարության հետ խորհրդակցություններին կքննարկվի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն սպեկտր, այդ թվում նաեւ` տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հեռանկարները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ պետքարտուղար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: 

«Աշխատանքային հանդիպում ենք նախատեսել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ, - ասել է նա: Մենք ընդարձակ օրակարգ ունենք, երկկողմ շփումներ, հարցերը շատ են: Կքննարկենք տարբեր մակարդակներում երկկող հանդիպումների հեռանկարները, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներ: Խոսելու շատ բան կա»:

Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Բաքվում օրակարգը չի համընկնում նրան, ինչի մասին խոսվել է մարտի 2-ին Թեհրանում փոխարտգործնախարարների մակարդակում տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում: «Սա լիովին այլ հանդիպում է, խորհրդակցություններ այն հարցերով, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցությանը», - ասել է նա:

Միաժամանակ Կարասինը հավելել է, որ մտադիր է ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին համառոտ պատմել Թեհրանում հանդիպման արդյունքների մասին:   «Բնականաբար, համառոտ կպատմեմ, թե ինչի մասին են խոսել Թեհրանում,-ասել է նա: Մենք  լիովին թափանցիկ ենք աշխատում մեր գործընկերների հետ, լինի դա Ադրբեջանը. Թեհրանը, թե այլ երկրներ»: