Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2016թ. փետրվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների եւ դրանց արդյունքների քննարկմանը, ինչպես նաեւ մարտ ամսվա հիմնական անելիքների նախանշմանը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զինված ուժերում ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում իրականացված մարտական եւ զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հաշվետու ժամանակահատվածում զորամասերում ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնության եւ կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, զինված ուժերի կիրառման պլանների ճշտումների ուղղությամբ կատարված աշխատանքների վրա:

Նշելով, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով շարունակվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առավել կարեւորել է անցկացված մարտավարաշարային պարապմունքները եւ մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումները, որոնց արդյունքների վերլուծությունը եւս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան եւ ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական եւ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: