Սոցիալական ծառայությունների աշխատանքը պետք է լինի թափանցիկ: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ։ տարոն Մարգարյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին հերթին կարեւորել է սոցիալական աշխատակցի սրտացավ ու պատասխանատու վարքագծի դրսեւորումը:
«Թերեւս ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը սոցիալապես զգայուն խմբերի հետ շփումն է: Մարդիկ ուշադրության եւ հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ու դրա համար պետք է ճիշտ կադրեր ընտրել, ովքեր կարող են աշխատել մարդկանց հետ, ընդունակ են լսել եւ հասկանալ նրանց: Մարդկանց հետ շփվելու, հարգալից վերաբերմունքի վարքագիծը միշտ չէ, որ պահպանվում է. այդ են վկայում քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները: Ցանկացած կոպիտ, արհամարհական վերաբերմունք պետք է անմիջապես ստանա համարժեք գնահատական ու այդ մասին պե՛տք է տեղեկացվի հանրությանը»,- նշել է քաղաքապետը:
Միեւնույն ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շեշտադրել է նաեւ վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության թափանցիկության կարեւորությունը:
«Ինչպես քաղաքապետարանի վարչության, այնպես էլ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների եւ սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատանքը պետք է լինի առավելագույն թափանցիկ, պրոֆեսիոնալ ու բարեխիղճ: Քաղաքացիները պետք է իմանան ոլորտի յուրաքանչյուր օղակի կոնկրետ գործառույթներն ու իրավասությունները: Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել կարիքավորներին օգնության եւ օժանդակության ծրագրերը: Եղեք ուշադիր եւ հետեւողական, որպեսզի սոցիալական ծրագրերը հասանելի լինեն բոլոր կարիքավորներին եւ տարվա ընթացքում բաշխվեն հավասարաչափ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժիններին կից սոցիալական աջակցության խորհուրդների գործունեության թափանցիկությունը:
«Շատ կարեւոր է, որ մեր ժողովրդի լեզվով ասած «Փարոս»-ների աշխատակիցները լինեն ուշադիր, բարեխիղճ եւ զգան իրենց գործի կարեւորությունը, քանի որ այս խորհուրդներն են պատասխանատու հրատապ օգնություն ստացողների տվյալների եւ կարիքավորության աստիճանի արժանահավատության համար: Պետք է հստակ գիտակցել, որ միջնորդավորված անձանց ներկայացնելը որպես կարիքավոր, իրական կարիք ունեցողին զրկում է այդ օգնությունը ստանալու իրավունքից: Սա ամենաարատավոր, անընդունելի՛ եւ անթույլատրելի երեւույթն է: Խորհրդի աշխատանքների կազմակերպման եւ յուրաքանչյուր քաղաքացու գործի ուսումնասիրման ժամանակ «Փարոսի» պատասխանատուները պարտավոր են լինել խիստ ուշադիր եւ իրենց լիազորությունների շրջանակում բացառեն սահմանված կարգի ցանկացած խախտում: Իրական կարիքավորին օգնությունից զրկելը դուրս է բարոյական բոլոր նորմերից»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետը հորդորել է պատասխանատուներին լինել զգոն եւ մեծագույն պատասխանատվություն ցուցաբերել կարիքավոր քաղաքացիների գործերի ուսումնասիրման նկատմամբ, հակառակ դեպքում թերացողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:




























