Կենդանասերների պահանջներին` դադարեցնել Երեւանում շների սպանդը եւ Հայաստանում կենդանիների պաշտպանության մասին օրենք ընդունել, արձագանքեց միայն ԱԺ պատգամավորներից մեկը: Այս մասին այսօր` մարտի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց շների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի կոորդինատոր Գոհար Մանուշակյանը:

«Նա մեզ հրավիրեց, որպեսզի միասին քննարկենք մեր առաջարկությունների փաթեթը` կապված կենդանիների պաշտպանության օրենքի հետ, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ անենք, եւ եթե ընդհանուր համաձայնության գանք, նա կփորձի արդեն օրենքի նախագիծը ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը»,- նշեց Գոհար Մանուշակյանը:

Նրա խոսքով` Ազգային ժողովի պատգամավորն իրենց պես մտահոգված է ոչ միայն շների ոչնչացման խնդրով, այլեւ շների ստերջացման համար «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությանը տրամադրվող գումարի նպատակային ծախսման հարցով, քանի որ, ինչպես կենդանասերներն են ահազանգում, ստերջացման փոխարեն շները ոչնչացվում են ամենադաժան եղանակներով:

 Գոհար Մանուշակյանը նշեց, որ չնայած բազմաթիվ կենդանասերների բողոքի ակցիաներին, ո'չ Կառավարությունից, ո'չ Երեւանի քաղաքապետարանից իրենց չեն արձագանքել եւ չեն պարզաբանել, թե ինչու են Երեւանի տարբեր թաղամասերում ու Հայաստանի մի շարք քաղաքներում շների ոչնչացման դեպքեր արձանագրվում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մի խումբ կենդանասերներ փետրվարի 27-ին, «Պահանջում ենք ընտանի կենդանիների պաշտպանության օրենք» անվանումով ֆլեշմոբ են սկսել: Նրանք առաջարկում են մարդկանց իրենց էլ-փոստերից ՀՀ վարչապետին ուղղված նամակ ուղարկել [email protected] հասցեին:

«Նամակում պետք է նշված լինի` Հարգելի Հ. Աբրահամյան, որպես հայ պահանջում եմ ՀՀ կառավարությունից ընտանի կենդանիների պաշտպանության օրենք, համաձայն որի՝ օրենքի սահմաններում կկարգավորվեն ընտանի կենդանիների հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ օրենքով կարգելվի սպանդը»,- նշեց Օվսաննա Հովսեփյանը:

Նշենք, որ փետրվարի 26-ին, մի քանի տասնյակ կենդանասերներ բողոքի ակցիայով քաղաքապետարանից պահանջեցին դադարեցնել թափառող շների սպանդը, որը վտանգում է ոչ միայն շների, այլեւ քաղաքացիների կյանքը: Քաղաքապետարանից այդպես էլ ցուցարարներին ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ, ինչից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ Կառավարության շենք՝ վանկարկելով «Դադարեցրեք շների սպանդը», «Երեւանը սպանդանոց չէ»: Կենդանասերները վերսկսել են իրենց ցույցերը այն բանից հետո, երբ Երեւանում եւ մարզերում գրանցվել են թափառող շների սպանդի մի քանի դեպքեր: