Բնակարանային ապահովման պետական ծրագրում կարող էր փոփոխություն տեղի ունենալ, մասնավորապես, կնվազի կանխավճարի շեմը եւ բարձրանա տարիքային շեմը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Վանիկ Բաբաջանյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ ավելի շատ զույգեր կկարողանան մասնակցել ծրագրին:
Նրա խոսքով, ծրագրի առաջին մասով ձեռք բերվելիք բնակարանի առավելագույն գինը 10 մլն դրամ է, սակայն այս գնի սահմաններում Երեւանում միայն Նուբարաշենում է հնարավոր բնակարան գնել, բայց կառավարության նպատակը Երեւանից դուրս խնդիրները կարգավորելն է: Մյուս տարբերակով նորակառույցների դեպքում, բնակարանի առավելագույն գինը 15 մլն դրամ է, որի ժամանակ ամսական վճարումների չափը՝ տոկոսներով հանդերձ, կկազմի ամսական 73 հազար դրամ: Երրորդ տարբերակով հիփոթեք է տրամադրվում առավելագույնը 12 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորվում է: Այս դեպքում ամսական վճարման չափը 70 հազար դրամ է կազմում:
Նշենք, որ ըստ գործող ծրագրի, կանխավճարի համար անհրաժեշտ է 1.6 մլն դրամ՝ մարզերում, եւ 4.8 մլն դրամ՝ Երեւանում:




























