«Երեւան» քրեակատարողական հիմնարկում խոչընդոտել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի (այսուհետ` Խումբ) աշխատանքներին:
Այս առնչությամբ, դիտորդական խմբի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«2016թ. մարտի 2-ին ահազանգ ստանալով Դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը եւ խմբի անդամ Արայիկ Զալյանը այց են կատարել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ։ Դիտորդական խմբի անդամները մինչ ազատազրկված անձին հանդիպելը դիմել են ՔԿՀ-ի պետին, որպեսզի վերջինս կազմակերպի դատապարտյալի եւ Դիտորդական խմբի անդամների հանդիպումը:
«Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի պետը հայտնել է, որ Դիտորդական խմբի անդամները իրավունք չունեն հանդիպելու դատապարտյալին, քանի որ նրա վերաբերյալ առկա է սահմանափակում, ծայրահեղ դեպքում կարող ենք հանդիպել նրա հետ քրեակատարողական հիմնարկի ծառայողի ներկայությամբ:
Դիտորդական խմբի անդամները պահանջել են ՔԿՀ-ի պետից ներկայացնել իրավական հիմնավորումներ Դիտորդական խմբի աշխատանքների սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ, սակայն պատշաճ հիմնավորումներ այդպես էլ չեն ներկայացվել:
Դիտորդական խմբի անդամների հանդիպումը ստիպված կազմակերպվել է ՔԿՀ-ի աշխատակցի ներկայությամբ, ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կոպտորեն խախտվել է ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 15-րդ կետը, որի համաձայն՝ «Խմբի անդամը ազատազրկվածի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ»:
Ելնելով վերոգրյալից Դիտորդական խումբը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ մարտի 2-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում դիտորդական խմբի անդամներին ազատազրկված անձի հետ հանդիպումը խոչընդոտելու հիմքով հարուցել ծառայողական քննություն եւ իրավախախտում թույլ տված անձանց ենթարկել համապատասխան պատասխանատվության:
Դիտորդական Խումբը բացասական է գնահատում Խմբի աշխատանքներին խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ եւ դատապարտում «Երեւան-Կենտրոն» ՔԿ-ի կողմից դրսեւորած մոտեցումը։




























