Շիրակի նորանշանակ մարզպետ, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանին այսօր՝ մարտի 4-ին, մարզպետարանում պաշտոնապես ներկայացրել է ՀՀ տարածքային եւ զարգացման նորանշանակ նախարար, նրա կուսակից Դավիթ Լոքյանը:
«Եթե Ցոլակյանը լավ մարզպետ է եղել, վստահ եղեք, որ ես իմ աշխատանքով կրկնակի, եռակի կանեմ, որ ինձ լավ հիշեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփ Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ լրատվամիջոցների հետ աշխատելու է բաց եւ թափանցիկ, ցանկացած տեղեկություն հասանելի է լինելու ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ քաղաքացիների համար:
Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ ինքը աշխատակազմում կադրային փոփոխություններին թեեւ դեմ է, բայց չի բացառում կրճատումները. «Կադրային հարցերով անհոգ եղեք, նրանք իմ աշխատակից ընկերներն են եղել, էն, ինչը որ կարող էր տհաճ թվալ ժամանակին, ես դա չեմ անի, նշանակություն չեն ունենալու քաղաքական հայացքները, աշխատողների տեսքը, գույնը: Ինձ համար կարեւոր կլինի նրանց աշխատանքը»:
Հարցին՝ ինչպես է աշխատելու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ՝ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հանդես էին գալիս որպես իրար մրցակից ուժեր, պատասխանեց, որ համոզված է, որ ոչ մի խնդիր չի առաջանա նրա հետ աշխատելիս:
«Ես ուզում եմ, որ դուք ինձ հարցեր տաք որպես ոչ թե Գյումրիի քաղաքապետի թեկնածու, այլեւ որպես Շիրակի մարզպետ»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, նորանշանակ մարզպետը պատասխանեց, որ որոշ ժամանակ անց, Գյումրին, հնարավոր է, «փառաբանի կառավարությանը». «Ո՞վ է ասել՝ Գյումրին ընդդիմադիր է: Վաղը շատ ավելի գործառույթներ կլինեն, Գյումրին կփառաբանի եւ կգովաբանի կառավարությանը»,- ասաց նորանշանակ մարզպետը:
Նշենք, որ այսօր մարզպետարանում էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Մարալիկի եւ Արթիկի քաղաքապետերը, մարզպետարանի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետի պաշտոնը մինչեւ այս զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը:

































