Արարատի մարզում 2015թ. մարտին «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով դատաքննությունը կանցկացվի արագացված կարգով: Այսօր՝ մարտի 4-ին, նման որոշում կայացրեց Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ամբաստանյալի միջնորդությունը:

Գործով ամբաստանյալ Հրաչիկ Կարապետյանը, որը վթարի պահին եղել է «Շտապօգնության» ղեկին, ընդունեց իր մեղավորությունը եւ խնդրեց դատարանին արագացված կարգով քննել գործը:

Տուժողի իրավահաջորդ, վթարի հետեւանքով մահացած, Արտաշատի ԲԿ-ի «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանի մորեղբայրը՝ Հարություն Մնացականյանը, սակայն, դեմ արտահայտվեց արագացված կարգին:

«Հրաչիկ Կարապետյանը պետք է խստագույնս պատժվի: Ես դեմ եմ արագացված կարգին: Բացի դրանից, նրան պիտի կալանավայրից այստեղ տեղափոխեին, ոչ թե տնից գար»,- ասաց Հարություն Մնացականյանը:

Նշենք, որ Հրաչիկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Դատարանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, ապա բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանը 2015թ. մարտի 14-ին ժամը 20:55-ի սահմաններում գտնվել է միջին ծանրության աստիճանի ալկոհոլային հարբած վիճակում: Կարապետյանն Արտաշատի ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայով երթեւեկել է Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհով: Հասնելով Բերդիկ գյուղի խաչմերուկին` իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն ու խաչմերուկ մուտք գործելիս` նախապես չհամոզվելով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհը զիջում է իրեն, ստեղծել է վթարային իրադրություն: Կարապետյանն իր ավտոմեքենայի աջ մասով ընդհարվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է իր մեքենայի ուղեւոր, Արտաշատի ԲԿ ՓԲԸ-ի «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանի մահը:

Հրաչիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: