Արարատի մարզում 2015թ. մարտին «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով առաջին նիստն այսօր՝ մարտի 4-ին հետաձգվեց, քանի որ ամբաստանյալի փաստաբան Համբարձում Հարությունյանին հրավիրեցին ոստիկանություն՝ բացատրություն տալու:
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում վթարի հետեւանքով մահացած, Արտաշատի ԲԿ-ի «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանի մորեղբայրը՝ Հարություն Մնացականյանը, հորդորեց ամբաստանյալ Հրաչիկ Կարապետյանի պաշտպանին «ֆեյսբուքյան գրառումներ» անել միայն փաստերով, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ չանել: Համբարձում Հարությունյանը պահանջեց փաստեր ներկայացնել, որ ինքը «ֆեյսբուքյան գրառումներ» է արել:
«Եթե մի անգամ էլ կրկնվի, ես կդիմեմ ոստիկանություն»,- ասաց ամբաստանյալի փաստաբանը:
Երբ դատարանն ընդմիջում հայտարարեց 20 րոպեով՝ ամբաստանյալի միջնորդությունը քննելու համար, միջանցքում կողմերի միջեւ երկխոսություն էր ծավալվել, որից հետո Համբարձում Հարությունյանը վերսկսված նիստին հայտարարեց. «Տուժողի իրավահաջորդն ինձ սպառնացել է, ես դիմել եմ ոստիկանություն»:
Դատավորը 10 րոպեով ընդմիջեց նիստը, իսկ այդ ընթացքում դատարան եկան ոստիկանության աշխատակիցները, որոնք փաստաբանին հրավիրեցին՝ բացատրություն տալու հաղորդման վերաբերյալ:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 12-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանը 2015թ. մարտի 14-ին ժամը 20:55-ի սահմաններում գտնվել է միջին ծանրության աստիճանի ալկոհոլային հարբած վիճակում: Կարապետյանն Արտաշատի ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայով երթեւեկել է Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհով: Հասնելով Բերդիկ գյուղի խաչմերուկին` իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն ու խաչմերուկ մուտք գործելիս` նախապես չհամոզվելով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհը զիջում է իրեն, ստեղծել է վթարային իրադրություն: Կարապետյանն իր ավտոմեքենայի աջ մասով ընդհարվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է իր մեքենայի ուղեւոր, Արտաշատի ԲԿ ՓԲԸ-ի «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանի մահը:
Հրաչիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատաքննությունը կանցկացվի արագացված կարգով:






























