Թբիլիսյան խճուղում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վաղ առավոտյան տեղի ունեցած վթարի հետեւանքով Նոր-Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված բոլոր 6 ուղեւորները դուրս են գրվել: Այն մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը: Նա ասաց, որ ուղեւերները թեթեւ մարմնական վնասվածքներ, քերծվածքներ են ստացել, բոլորն էլ հետազոտվել, ապա տուն են գնացել: «Լուրջ տրավմաներ ոչ մեկը չի ստացել: Մոտ մեկ ժամ առաջ բոլորն էլ դուրս են գրվել»,-ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել  ժամը 4.30-ի սահմաններում: BMW մակնիշի 13 օօ 095 համարանիշի մեքենան հարվածել էր 43 ՏՏ 345 համարանիշի ավտոբուսին: Վթարի հետեւանքով ավտոբուսը շրջվել էր: BMW-ի վարորդը` Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա Էդգար Կարապետի Հակոբյանը եւ ավտոբուսի վարորդ` նույն մարզի Արամուս գյուղի բնակիչ, 47-ամյա Հրաչյան Աղվանի Խաչատրյանը, ինչպես նաեւ ավտոբուսի ուղեւորներ, 24-ամյա Նարեկ Աշոտի Ղազարյանը, 28-ամյա Գարեգին Ժիրայրի Վարդանյանը, 36-ամյա Հասմիկ Խնկոյի Խաչատրյանը եւ 51-ամյա Նունիկ Արամայիսի Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նշենք,որ Վթարի վայրում աշխատել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, 1-03 շտապօգնության եւ Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնում պարզվում են վթարի պատճառները: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի