Տաջիկստանի Ռաշտի շրջանում զինվորականների ավտոշարասյան վրա կատարված հարձակման արդյունքումը զոհվել է առնվազն 40 զինվորական: Կիրճից դուրս գալու պահին, զինվորականների վրա կրակ են բացել գնդացիրներից եւ նռնականետներից:

Այդ տարածքում ուժային կառույցներն արդեն մի քանի օր գործողություն են իրականացնում՝ Դուշանբեի մեկուսարանից փախած հանցագործներին ոչնչացնելու ուղղությամբ: Մեկուսարանից փախել էին 25 առանձնապես ծանր հանցագործներ:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականների վրա հարձակումն իրականացվել է դաշտային հրամանատարներ Աբդուլլո Ռահիմովի (Մուլլո Աբդուլլո) եւ Ալովիդին Դովլաթովի կողմից:

ՊՆ-ն հարձակումը բնորոշել է որպես վարձկանների ահաբեկչություն, որոնք իսլամի անվան տակ փորձում են «Տաջիկստանը պատերազմների մեջ ներքաշել»: Հարձակմանը մասնակցել են գրոհայիններ Չեչնիայից, Աֆղանստանից եւ Պակիստանից:

Մուլլո Աբդուլլոն համարվում է Տաջիկստանի ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը: Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ նա կռվում էր միացյալ ընդդիմության կողմից` նախագահ Էմոմալի Ռահմոնի դեմ: