Կանանց միամսյակին ընդառաջ Երեւանի ծաղկի խանութներում արդեն սկսել են թանկացումները: Այս մասին այսօր`մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Մեզ մոտ արդեն ավանդույթ է դարձել, որ տոներից առաջ թանկացումներ պետք է լինեն: Մոնիթորինգ ենք անցկացրել, արդեն մի քանի օր է`ծաղկի խանութներում գները բարձրացել են»,-ասաց նա:

Կարեն Չիլինգարյանի խոսքով` ծաղկի գները այս օրերին  30-70 տոկոսով աճել են` կախված ծաղկի տեսակից, ինչը պայմանավորված է նրանով, որ ջերմոցատերերն են բարձր գներով խանութներին ծաղիկ վաճառում:

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը նշեց, որ նախատոնական թանկացումները միայն ծաղկի շուկայում չի նկատվում:

«Նվերներն էլ են թանկացել, սակայն էական թանկացումներ չկան»,-ասաց նա:

Հոգեբան Աննա Բադալյանը խորհուրդ տվեց տղամարդկանց սթրեսի չենթարկվել, իսկ կանանց` միամսյակին թանկարժեք նվերներ ստանանլու մեծ երազանքներ չունենալ:

«Իհարկե կնոջ մոտ գոյություն ունի գնահատված լինելու տարրական հոգեբանական պահանջմունք, բայց տնտեսական վիճակը բարվոք չէ: Իսկ տղամարդը կարող է միայն շնորհավորանքով եւ նույնիսկ մեկ համբույրով ուրախացնել իր կնոջը, մորը կամ դստերը: Ես խորհուրդ կտամ կանանց մեծ երազանքներ չունենալ, որովհետեւ ոչ միշտ է, որ տղամարդը նրան նվիրում է իր սպասածը, իսկ ինչ էլ որ ստանան, թող շնորհակալ լինեն»,-ասաց հոգեբանը: