Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ապրիլի 17-ին քաղաքապետի ընտրություններ են կայանալու։ Առաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։
NEWS.am-ը զրուցել է Արամ Դանիելյանի հետ։
Պարոն Դանիելյան, Հրազդանում կրկին ընտրություններ են, ու նորից Ձեր հիմնական մրցակիցը Սասուն Միքայելյանն է: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կավարտվեն ընտրություններն այս անգամ:
Ընտրություններին բոլորը կարող են առաջադրվել: Ես ոչ մեկին մրցակից, այն էլ հիմնական, չեմ դիտարկում: Այս տարիների ընթացքում ես պայքարել եմ հրազդանցու վստահության համար, աշխատել եմ հրազդանցու հոգսերը թեթեւացնելու համար: Այժմ էլ, վստահ եմ, որ անկախ քաղաքային բազում խնդիրներից, ես ու իմ թիմն ունենք շատ լավ շանսեր:
Այնուհանդերձ այս անգամ ընտրությունները սովորական չեն: Սասուն Միքայելյանի շտաբի պետ է լինելու ԱԺ պատգամավոր, նոր կուսակցություն ստեղծած Նիկոլ Փաշինյանը: Դա չի ազդելո՞ւ ձեր քայլերի վրա:
Թերեւս ոչ: 2012 թվականին էլ իմ, այսպես ասած, մրցակից թեկնածուն փորձում էր քաղաքական պայքարի վերածել ընտրությունները: Իհարկե, այս ընթացքում նա թիմ է փոխել, ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից էր սատարվում, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի: Չնեղանա ոչ մեկը, բայց փաստ է, որ եթե 2012-ին իրենց մոտ չստացվեց հաղթել անգամ առաջին նախագահի աջակցությամբ, հիմա առավել եւս դժվար է պատկերացնել, որ ընդդիմադիր նոր շտաբի պետն ավելի ազդեցիկ կամ հեղինակավոր օգնություն կարող է ցուցաբերել, քան ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Դուք ակնարկում եք, որ Սասուն Միքայելյանը քաղաքական ճամբա՞ր է փոխել:
Ես ոչինչ էլ չեմ ակնարկում, դա իրենց գործն է: Պարզապես Հրազդանը փոքր քաղաք է, Հայաստանն էլ՝ փոքր երկիր:
Այնուհանդերձ, ըստ Ձեզ, այս ընտրություններն ինչո՞ւ է այդքան կարեւորում ընդդիմադիր հավակնություններ դրսեւորող Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ դառնալով Սասուն Միքայելյանի շտաբ պետ:
Կարող եմ կռահել, որ իրենց համար Հրազդանը քաղաքական փորձադաշտ է, որտեղ կփորձեն բավարարել սեփական քաղաքական ամբիցիաները: Բայց իրականում ո՛չ Հրազդանն է փորձադաշտ ոմանց քաղաքական նկրտումների համար, ո՛չ էլ հրազդանցին է փորձի առարկա, որ թույլ տա իրեն ներքաշեն ուրիշի խաղերի մեջ: Քաղաքն ունի իր խնդիրները, որոնք քաղաքական չեն, այլ սոցիալական են, տնտեսական են, կրթական են: Հարցերի մի մասը լուծվել է, մյուսները լուծվում են, մնացածը կլուծվի,բայց ոչ թե քաղաքական գործիչների, այլ փորձառու կառավարիչների կողմից: Իսկ քաղաքական ամբիցիաները բավարարելու համար հաջորդ տարի կլինեն խորհրդարանական ընտրություններ: Այնտեղ էլ կերեւա՝ ով ով է:
Ձեր մրցակիցը կարգախոս է ընտրել «Որ ժպտաս, Հրազդան»: Ի՞նչ կարգախոս եք ընտրել Դուք:
Իմ թիմը ընտրական օրենսգրքով սահմանված ժամանակացույցով է աշխատում: Կգա ժամանակը, կհրապարակեմ իմ իմ ծրագիրն ու կարգախոսը: Միայն ասեմ, որ ժպտալ ես էլ եմ սիրում, բայց ժպիտով քաղաք չես կառուցի, տուն չես պահի, հարց չես լուծի: Աշխատե՛նք, որ ժպտանք:
































