Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանի փաստաբան Նորիկ Նորիկյանն ասյօր` մարտի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառի ժամանակ հայտարարել է, որ իր պաշտպանյալին առաջադրվել է կեղծ մեղադրանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Արամ Գրիգորյանը:
Նրա խոսքով, մեղադրանքի հիմքում դրվել են վիճահարույց ապացույցներ եւ բացառապես քննչական փորձարարության արդյունքների հիման վրա կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքները:
«Ես ասել եմ ու էլի եմ ասում, որ համաձայն չեմ կատարված փորձաքննության արդյունքների հետ, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում առաջադրված մեղադրանքում»,-ասաց Արամը:
Նրա խոսքով, ինքը դեպքի օրը ճանապարհային երթեւեկության կանոնները չի խախտել:
Նշենք, որ մեղադրողը Արամ Գրիգորյանի համար պահանջել է 2.5 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ:
Արամ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ տվյալ տարածքում նախատեսված թույլատրելի արագությունը չի գերազանցել, եւ չի պատկերացրել, որ այդ տարածքում մինչ-որ մեկը կարող էր լինել։ Նրա խոսքով կինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ պառկած է եղել փողոցում։




























