ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու համար 11 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանի պաշտպանի`առաջին ատյանի դատավճռի դեմ բողոքը:

NEWS.am-ի հետ զրույցում դատապարտյալի պաշտպան Հրանտ Գեւորգյանը նշեց, որ գործով առաջին նիստը հետաձգվել է դատավորների` մեկ այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ:

«Նիստը կիսատ մնաց, որովհետեւ բողոքն ընթերցելիս դատավորներից մեկը քնում էր, երկրորդը հորանջում էր, երրորդը` նայում դեմքիս: Որ տեսան ապացույցներ շատ եմ բերում արդարացման ուղղությամբ, ընդհատեցին նիստը, հետո ասացին` մյուս նիստով կշարունակենք, մենք զբաղված ենք»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 1-ին մեղավոր ճանաչեց հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող, Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանին՝ դատապարտելով նրան 11 տարի 6 ամսվա ազատազրկման: Մեղադրող դատախազը Հերիքնազ Խաչատրյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:

Նույն գործով Հերիքնազ Խաչատրյանի քույրը` Բավական Խաչատրյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թրաֆիքինգի զոհ դարձել: