Հայաստանում վերջին տարիներին ծնելիության նվազումը սոցիալական վատ վիճակի հետեւանք է: Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանի խոսքով, վատ սոցիալական վիճակում գտնվող ընտանիքները խուսափում են երեխաներ ունենալուց, որն էլ հանգեցնում է ծնելիության նվազման:

«Վատ սոցիալական պայմանների հետեւանքով Հայաստանի բնակչությունը գնալով պակասում է, դրա հետեւանքով ամուսնությունների քանակն է նվազում, զույգերը խուսափում են երեխաներ ունենալուց,  որն էլ հանգեցնում է ընտանիքների անկայունության»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին, ԱԺ-ում ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրին նվիրված լսումների ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ Հայաստանում ծնելիությունը վերջին տարիներին նվազել է, եթե 1990-ին Հայաստանում ծնվել է 80 հազար երեխա, ապա հինա այդ ցուցանիշը 42-43 հազարի սահմաններում է: Նա նշել է, որ վիճակն ավելի անմխիթար է եղել 2000 թվականին, երբ Հայաստանում արձանագրվել է մոտ 30 հազար ծնունդ: