Հայաստանում կանայք հիմնականում ենթարկվում են հոգեբանական բռնության եւ, եթե հարմարվողականություն են դրսեւորում, այն հետագայում վերածվում է ֆիզիկական եւ սեռական բռնության: Հոգեբան Մարինե Մարտիրոսյանի կարծիքով, Հայաստանում կանանց շրջանում իրազեկությունը մեծացել է, որն էլ վերջին տարիներին հանգեցրել է կանանց իրավունքների պաշտպանության: Նրա խոսքով, տարիներ առաջ, երբ կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններ չկային եւ կանայք իրազեկված չէին, որ այդ կազմակերպությունները կարող են օգնել իրենց նկատմամբ կիրառվող բռնությունները կանխելու հարցում, ավելի շատ հարմարվողականություն էին դրսեւորում, սակայն հոգեբանական բռնությունը վերածվում էր ֆիզիկականի, այնուհետեւ սեռական բռնության:
«Հիմա կանայք տարբեր աղբյուրներից տեղեկանում են, որ գոյություն ունեն կանանց խնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպություններ, իրենք դիմում են մասնագետներին, որոնք աջակցում են նրանց: Մեզ մոտ սառույցը տեղից շարժվել է, շատ բան է փոխվել, հիմա գնում են արտասահման,շփվում են այլ մշակույթների հետ եւ աշխարհայացքի փոփոխություն է տեղի ունենում: Իմ պրակտիկայում շատ եմ հանդիպել կանանց, որոնք բոլոր տեսակի բռնությունների են ենթարկվել իրենց ամուսինների կողմից, կապ չունի մարզում են բնակվում, թե Երեւանում: Բռնությունը միշտ էլ, բոլոր տեղերում էլ կա, ուղղակի մեզ մոտ կանայք արդեն չեն հարմարվում, պայքարում են իրենց իրավունքների համար, գնահատում են իրենց անձը, որը շատ դրական երեւույթ է»,-ասում է հոգեբանը:
Նրա խոսքով, Հայաստանում կան ապաստարաններ, որտեղ բռնության ենթարկված կինն իր երեխաների հետ կարող է մնալ եւ ստանալ սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն:
«Բռնության ենթարկված կանայք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ապաստարաններում են մնում, որոնք բռնության ենթարկված կանանց խնդիրներով զբաղվող Հկ-ներին կից կառույցներ են, այստեղ կանանց հետ աշխատում են հոգեբանները, սոց.աշխատողները, իրավաբանները: Եթե կինն ունենում է բնակարանի խնդիր, աշխատանքի կամ ուսման հետ կապված խնդիրներ, նույնպես աջակցություն է ցուցաբերվում նրան»,-ասում է Մարինե Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Կանանց իրավունքների կենտրոնից» տեղեկացրել էին, որ նախորդ տարիների համեմատ բռնության ենթարկված կանանց ահազանգերի թիվն ավելացել է, որը կապված է ոչ թե դեպքերի ավելացման, այլ կանանց շրջանում իրազեկության բարձրացման հետ:
Ստացված զանգերի գերակշռող տոկոսը վերաբերել է հոգեբանական բռնությանը, կեսից ավելին՝ ֆիզիկական, իսկ ավելի փոքր տոկոսը՝ սեռական բռնությանը:





























