Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 229 դեպք, որոնց արդյունքում հայկական դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է մոտ 2398 փամփուշտ:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հատկանշական է, որ հակառակորդը օգտագործել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, մասնավորապես, СВД եւ Սեւ նետ տիպի դիպուկահար հրացաններ, ПК, ДШК եւ УТЁС տիպի գնդացիրներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը:
Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:





























