Վազգեն Սարգսյանի եւ պաշտպանության մյուս նախարարների կատարած աշխատանքի շնորհիվ ենք մենք կարողանում Հայոց բանակում քարը քարի վրա դնել եւ հրամանատարների, զինծառայողների հետ բանակը տանել դեպի կատարելության: Այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Սպարապետի ծննդյան օրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Յուրաքանչյուր ոք իր կենդանության օրոք է ապացուցում՝ ինքն ինչի է ընդունակ: Սպարապետն ապացուցեց, որ ինքը հասարակական, պետական, ռազմական գործիչ է եւ իր գործունեության ընթացքում ամեն ինչ արել է, որ այն ոլորտներում, որտեղ պատասխանատվություն է կրել, առաջընթաց լինի: Հայոց բանակում իր կատարած աշխատանքն ակնհայտ է եւ Սպարապետի եւ մյուս նախարարների աշխատանքի հենքի վրա մենք կարողանում ենք քարը քարի վրա դնել եւ հրամանատարների, զինծառայողների հետ բանակը տանել կատարելության»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ որպես հասարակական գործիչ, Վազգեն Սարգսյանը կարողանում էր մթնոլորտ, տրամադրություններ ստեղծել:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ լրագրողների հետ զրույցում հիշեց, որ Վազգեն Սարգսյանը՝ որպես գրող, շահել էր 1000 ռուբլի, որի մասին մշտապես պատմում էր բոլորին: