Հայաստանում, ճիշտ է, կան վերականգնողական կենտրոններ, սակայն դրանց թիվը բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկելու եւ անհրաժեշտ բուժումներն անելու համար: Այս մասին այսօր` մարտի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:
«Միայն Մանկական ուղեղային կաթված ունեցող 4000 հաշմանդամ երեխա կա Հայաստանում, մեր երկրի վերականգնողական կենտրոնները չեն բավականացնում, որպեսզի նրանք իրենց անհրաժեշտ բուժումը` գոնե 3-4 ամիսը մեկ, ստանան այդտեղ»,- ասաց նա:
Խոսելով միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու ծրագրերի մասին, Սերյոժա Օհանջանյանը նշեց, որ չնայած Երեւանի քաղաքապետարանի կողմից 4 տարի է` որոշակի քայլեր արվել են, սակայն` միայն քաղաքի կենտրոնում, այն էլ` հաճախ ձեւական:
«Թեքահարթակներ են կառուցել, բայց փողոցի մի կողմում նայում ես` կա, մյուս կողմում` չկա: Ստացվում է, որ սայլակով մարդը պետք է դուրս գա փողոց մեքենաների հետ երթեւեկի՞»,- ասաց Սերյոժա Օհանջանյանը:
Ինչ վերաբերում է ծայրամասային թաղամասերին, ՀԿ նախագահի խոսքով, վիճակը շարունակում է նախկինի պես տխուր մնալ`որտեղ ո'չ կարիքի գնահատում է արվել, ո´չ ուսումնասիրվել է, թե որ թաղամասում քանի հաշմանդամ է ապրում:
Ըստ նրա` միակ դրական փոփոխությունը` կապված հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման հետ, ներառական կրթության ներդնումն է Հայաստանում, սակայն այստեղ էլ անելիքներ շատ կան. հաշմանդամություն ունեցող երեխան դպրոցն ավարտելուց հետո բախվում է չհարմարեցված բուհերի «պատնեշներին»:
«Բուհերը այսօր հարմար չեն ոչ միայն թեքահարթակների առումով, այլեւ ծրագրերի, որոնք նախատեսված չեն կույր, լսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար»,- նշեց նա:





























