ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների երդման առթիվ։

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի ուղերձում ասվում է.

«Երկրապահ կամավորականների միության հարգելի՛ անդամներ եւ հյուրեր,

«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ երդման կապակցությամբ: Այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք ավելին եք, քան պարզապես պատանիներ եւ աղջիկներ: Դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք:

Խորհրդանշական է, որ այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Հավատում եմ, որ դուք անշեղորեն շարունակելու եք Սպարապետի մեծ ու հայրենասիրական գործը: Նաեւ շարունակելու եք Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:

Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ եւ արժանիորեն կրեք «Պատանի երկրապահ» անունը: Այն ոչ թե տիտղոս է, այլ՝ պարտականություն եւ պատասխանատվություն: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ավյունն ու եռանդը ծառայեցնեք արդար գործերի եւ հաջողություններ արձանագրեք ձեր բոլոր հայրենանվեր ձեռնարկներում»: