Այսօր՝ մարտի 5-ին, տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որտեղ միաձայն որոշում է ընդունվել Հրազդանի քաղաքապետի ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում կուսակցության կողմիցն առաջադրել կուսակցության Կոտայքի մարզի համակարգող նախագահ Արթուր Միսակյանի թեկնածությունը:

«Հայկական վերածնունդից» NEWS.am-ին հայտնում են, որ կուսակցությունն իր հանձնառությունն է արտահայտում Հրազդանի` որպես հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկի, քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու գործում` այս հարցով համագործակցության կոչ անելով խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին:

Կուսակցությունը դիմում է նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին եւ անհատներին` իրենց ակտիվ մասնակցությամբ ապահովել ընտրությունների ազատ ու արդար անցկացումը:

Նիստում նաեւ քննարկվել է «Հայկական վերածննդին» միացած Հասարակական Կազմակերպությունների հետ հետագա համագործակցության ձեւաչափին վերաբերյալ հարցեր: Ըստ այդմ, որոշվել է Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ ստեղծել Հայկական վերածնունդ քաղաքացիական համագործակցության պլատֆորմ, որի կառավարման եւ կառուցվածքային մարմինները կձեւավորվեն երկշաբաթյա ժամկետում:

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաեւ կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին է հայտարարել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Նրա նախընտրական շտաբի պետը Նիկոլ Փաշինյանն է: