Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակության 2016 թվականի մարտի 2-ին Արցախ կատարած այցի շրջանակներում համագործակցության պայմանագիր է ստորագրվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ:

Կողմերը պարտավորվել են իրենց գիտական, մանկավարժական եւ նյութատեխնիկական կարողությունները ներդնել երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցության համար:

Կողմերն իրենց համագործակցությունն իրականացնելու են՝ նպատակ ունենալով՝ ուսումնաարտադրական եւ ուսումնագիտական բազաների օգտագործումը, փորձագիտական ոլորտի համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը, մասնագիտական կրթության շարունակականության ապահովումը, փորձագիտական ոլորտի մասնագետների պատրաստման գործում նպատակային հեռանկարային ծրագրերի մշակումը, գիտահետազոտական եւ ինովացիոն ծրագրերի առաջադրումը ու դրանց իրականացման աջակցությունը, գիտական, գիտահանրամատչելի, ուսումնական, տեղեկատվական եւ գիտամեթոդական գրականության փոխանակումը:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը մտադրություն ունի նաեւ աջակցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանին միջազգային կապերի ընդլայնման հարցերում, մասնավորապես, մի շարք եվրոպական, ռուսաստանյան, ամերիկյան, ճապոնական գիտական եւ գիտակրթական կենտրոնների հետ՝ հաշվի առնելով իրենց հետ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համագործակցության ներկայիս բարձր մակարդակը:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից պայմանագիրը ստորագրել է տնօրեն Ա.Ջավադյանը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հ.Թոքմաջյանը: