19 տարվա ընթացքում չկարողանալով որեւէ առաջընթաց գրանցել ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի է բարդացրել իրավիճակը։ Մինսկի խումբն ընդհանրապես ջանքեր չի գործադրում խնդրի լուծման համար, ընդունակ էլ չէ դրան։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բահրամին։
Իրանցի դիվանագետը Մադրիդյան սկզբունքների եւ հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայման վերաբերյալ մի քանի սկանդալային հայտարարություններ է արել։ «Այդ նախագծի շուրջ կոնկրետ եւ պարզ տեղեկատվություն չի ներկայացվում։ Խաղաղապահ զորքերի տեղակայումը կնշանակի Ղարաբաղի անջատում Ադրբեջանից։ Իրանը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության տեսանկյունից»,-Բահրամիի խոսքերն է մեջբերում «Ազերիպրեսը»։
Իրանցի դիվանագետը նաեւ հավաստիացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել է Իրանի միջնորդական դերին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։




























