Եթե 2014թ. խոզի միսը վաճառվում էր 3000-3200 դրամով, ապա այս տարի մոտ 1000 դրամով մսի արժեքը նվազել է: Կոտայքի մարզի Սեւաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանն ասում է, որ գյուղմթերքի արժեքի այսպիսի նվազումը գյուղացուն երկընտրանքի առաջ է կանգնեցրել:

«Գյուղացին երկու քարի արանքում է մնացել. չգիտի՝ ինքնարժեքից էժան վաճառի իր արտադրանքը, թե անփող նստի: Մարդը պետք է խոզի միսը ամենաքիչը 2500 դրամով վաճառի, որ եկամուտ ստանա, մինչդեռ այսօր 1700-2000 դրամով է վաճառում»,-  ասում է նա:

Համայնքապետի խոսքով ՝ նվազել են նաեւ հաճարի արժեքն ու սպառման ծավալները. եթե մի քանի տարի առաջ Սեւաբերդում մեկն էր 40 տոննա հաճար ստանում, հիմա ամբողջ գյուղն է այդքան ստանում:

«Էն ժամանակ արտահանում էինք, լավ սպառվում էր, հիմա պահանջարկ էլ չկա »,- ասում է Հակոբ Բաբայանը:

Ինչպես գյուղապետն է նշում, Սեւաբերդում լուրջ է նաեւ կաթի ու պանրի իրացման խնդիրը. եթե 2014թ. կաթի վաճառքի միջին գինը 150 դրամ էր, ապա 2015-ին կաթը վաճառվել է ձմռանը՝ 140, ամռանը՝ 90-100 դրամով:

«Ամռանը ամիսներ կային, որ էժան գնով էլ չէին գնում ընկերությունները, ասում էին՝ արտադրանքը չի վաճառվում: Գյուղում կաթի ավելցուկ առաջացավ, մարդիկ պանիր արեցին, բայց հիմա պանիրն էլ չեն կարղանում վաճառել»,- ասում է գյուղապետը:

Հակոբ Բաբայանի խոսքով՝ գյուղմթերքը տեղում վաճառել չկարողացող գյուղացին հաճախ ստիպված է լինում այն հանձնել վերավաճառողներին՝ ազատվելով ոչ միայն վաճառքի քաշքշուկից, այլեւ լրացուցիչ եկամտից:

«Վերավաճառողներին են հանձնում էժան, որ տանեն Երեւանի կամ Աբովյանի շուկաներում ավելի թանկ վաճառեն: Գնի մեջ կորցնում է գյուղացին, բայց դե նախընտրում է էդ գլխացավանքից պրծնի, իր գործով զբաղվի, քան մեկին էլ պահի վաճառելու համար»,-  ասում է նա: