Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին պետի տեղակալ Զարմիկ Մարկոսյանը, նրա փաստաբան Արա Զաքարյանի պնդմամբ, ոչ մի արտոնյալ պայման չի ստեղծել համակուրսեցու դաժան սպանության մեջ մեղադրվող կուրսանտ որդու` Գնել Թեւոսյանի համար:
«Զարմիկ Մարկոսյանի կողմից ոչ մի արտոնյալ պայման էլ չի ստեղծվել, պաշտոնական դիրքի չարաշահում չի եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը, որը դատարանում պաշտպանում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող գնդապետի շահերը:
Փաստաբանի խոսքով` իրենց համար անհասկանալի է գնդապետին առաջադրված մեղադրանքը:
«Մեզ համար անհասկանալի է` ինչի մեջ է մեղադրվում նա: Մեղադրանքում ոչ մի կոնկրետ բան նշված չէ, միայն գրված է` արտոնյալ պայման է ստեղծել, բայց երբ, ինչպես, անհայտ է»,- ասաց Արա Զաքարյանը:
Սպանված կուրսանտի հայրը` Արկադի Բարսեղյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդեց, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում եւ փաստաբանի նման պնդումներն իզուր են:
«Նույնիսկ քաղաքացիական շորերով, մեքենայով մտնել, դուրս գալ է եղել, որ կուրսանտը նման բան անելու իրավունք չուներ»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ, որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թեւոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ: Չարաշահելով պաշտոնական դիրքը՝ 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման, Գ. Թևոսյանին մի քանի ժամ տեւողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց եւ թույլատրել բացակայել զորամասի տարածքից:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























