Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը մեծ չէ: Հոգեբան Մարինե Մարտիրոսյանի կարծիքով, հայ տղամարդկանց աշխարհայացքը փոխվել է, նրանք այլեւս չեն վախենում երկու, երեք կամ ավելի աղջիկ ունենալուց:

«Եթե առաջ անպայման պետք է տղա ունենային, հիմա այդպես չէ, հայ տղամարդիկ արդեն հասկանում են, որ նորմալ է, երբ ունես երեք աղջիկ եւ չունես տղա: Առաջ դա անգամ  զույգերի բաժանության առիթ կարող էր լինել»,-ասում է  հոգեբանը:

Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը նույնպես կարծում է, որ երեխայի սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազել է եւ շատ քիչ են այն ընտանիքները, որտեղ աղջիկ երեխա չեն ուզում ունենալ:

«Կարծում եմ, որ Հայաստանում աղջիկ պտուղները չեն հեռացվում, հակառակը, ծնողներն ավելի մտահոգ են լինում, երբ տղա երեխա են ունենում, տղաների դեպքում ավելի շատ են լինում հոգսերը: Շատ ընտանիքներ կան, որտեղ երեք երեխայից երկուսն աղջիկ են եւ նորից աղջիկ երեխա են ուզում ունենալ, շատ քիչ են այն ընտանիքները, որոնք հեռացնում են աղջիկ պտուղը»,-ասաց ազգագրագետը: