Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը թուրքական իշխանությունների բիզնես ծրագրերի մի մասն է, որի նպատակը ոչ թե եկեղեցին հայերին վերադարձնելն է, այլ Աղթամար կղզում տուրիզմը զարգացնելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Սուրբ Խաչը մեզ համար եկեղեցի է, իսկ իրենց համար դա թանգարան է եւ այդ թանգարանում մի օր մեզ հնարավորություն տվեցին պատարագ մատուցել ու աղոթել»,-ասաց Մանոյանը: Նա նշեց, որ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելով ու այդ մասին տարբեր պատճառաբանություններ բերելով, թուրքական իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ դրեցին: Իսկ դա նշանակում է, որ եկեղեցին բռնագրավվել է թուրքական իշխանությունների կողմից եւ այն ընդամենը թանգարանի կարգավիճակ ունի:
Ըստ Մանոյանի՝ պատարագն անշուշտ խորհրդանշական իմաստ ուներ, սակայն թուրքական իշխանություններն այն «հարամ արեցին»՝ չտեղադրելով եկեղեցու խաչը: Եւ բացի այդ, թուրքերն իրենց ծիծաղելի դրության մեջ դրեցին, հայտարարելով, թե «կռան չունեն», որ խաչը կարողանան գմբեթին բարձրացնել: «Իսկ երեկվա արարողություն չծառայեց նրան, ինչին թուրքական իշխանություները ձգտում էին»,-ասաց նա: Դաշնակցական գործչի կանխատեսմամբ՝ պատարագին մեծաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ պիտի ներկա գտնվեին, մանավանդ որ Թուրքիայի վարչապետի գրասնյակից վերջին տասնօրյակում հրավերներ էին ուղղվում հայկական շրջանակներին եւ փորձ էր արվում մասնակիցների մեծ թիվ ապահովել: «Դա նշանակում է, որ առնվազն թուրքերի կողմից էլ մեծ մասնակցություն պիտի լիներ, ինչը չեղավ»,-նկատեց Մանոյանը: Նա նաեւ հավելեց, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պատարագով ոչ թե վերջացավ, այլ սկսվեց Սուրբ Խաչի հարցը: «Մենք պետք է անընդհատ հետամուտ լինենք, որ Սուրբ Խաչը մնա եկեղեցի, եւ մենք այնտեղ կարողանանք աղոթել տարվա ցանկացած օր, ինչու չէ՝ ամեն օր»,-նկատեց Մանոյանը:





























