«Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր Քաբաբչանը, 2014 թ. հոկտեմբերի 1-ին գտնվելով ՔԿՀ-ի բուժմասում, սկսել է անհարկի բղավել, աղմկել եւ վիրավորել իրեն բուժօգնություն ցուցաբերող բուժքույր Ալինա Շահբազյանին եւ չենթարկվելով ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արտակ Մարտիրոսյանին` բռնություն է գործադրել նրա նկատմամբ` ձեռքով հարվածելով նրա դեմքին:
Արսեն Քյաբաբչանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ամբաստանյալ Արսեն Քյաբաբչյանի շահերի պաշտպանի միջնորդությունը՝ Արսենին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:
Ըստ պաշտպանի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում կալանք կրելու ընթացքում Արսեն Քյաբաբչյանը բազմիցս ենթարկվել է հոգեբույժի զննությանը, նշանակվել են համապատասխան հոգեմետ դեղամիջոցներ, բացի դա 2015թ. ընթացքում Արսեն Քյաբաբչյանը երկու անգամ կատարել է ինքնավնասում:
Պաշտպանության կողմը համոզված է, որ Արսեն Քյաբաբչյանին մեղսագրվող արարքի շարադրանքում եւս տեսանելի են այնպիսի դրսեւորումներ, որոնք կասկածի տակ են դնում նրա առողջական վիճակը` հոգեկան լիարժեքությունը: Պաշտպանի խոսքով, ամբաստանյալը ունեցել է եւ ունի հոգեկան առողջության խանգարում, ուստի քրեական գործի ընթացքը լուծելու եւ ամբաստանյալ Արսեն Քյաբաբչյանի հոգեվիճակը պարզելու համար, վերջինի շահերի պաշտպանը միջնորդել է նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն
Արսեն Քյաբաբչյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա` փորձաքննության ենթարկելու համար:



























