Հայաստանի Զինված ուժերում աշխատող կանանց թիվը 10 տարվա ընթացքում մեծացել է մոտ 3 անգամ: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած՝ «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» նոր հետազոտության տվյալները:

«2001թ.-ին կանանց թիվը Զինված ուժերում կազմում էր 3.3 տոկոս, 2011թ.-ին՝ արդեն 8.8 տոկոս: Խորը չենք հետազոտել այս փաստը, սակայն, ըստ իս, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կուրսանտների թիվը տարեց տարի մեծանում է»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ Զինված ուժերում աշխատավարձը համեմատաբար բարձր է, սա է պատճառը նաեւ, որ կանայք նախընտրում են այս ոլորտը: