Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են, որոնք ներգրավված են ոլորտի բոլոր ճյուղերում: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, այն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների եւ մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախ շնորհավորել է կանանց գալիք մարտի 8-ի առթիվ` մաղթելով նրանց առողջություն, երկար տարիների կյանք եւ հետագա հաջողություններ:
«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ոլորտներից է, որտեղ մեծ դերակատարություն ունեն նաեւ կանայք. Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են, որոնք ներգրավված են ոլորտի բոլոր ճյուղերում: Եվ իմ կարծիքով` հատկապես նրանց հոգատար աշխատանքով է պայմանավորված մեր հայրենական գյուղմթերքի բարձր համային եւ որակական հատկանիշները», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Իր խոսքում անդրադառնալով նաեւ կոոպերատիվների դերին գյուղատնտեսության զարգացման եւ արտադրողականության բարձրացման գործում՝ նախարարը, հատկապես ընդգծել է կանանց կոոպերատիվների կարեւորությունը, որոնք ունենալով փոքր հզորություններ, մեծ արդյունք են տալիս ոլորտում:
Նախարարի խոսքով` կոոպերատիվների շարժումը մեր երկրում նոր թափ է ստացել, այս պահին առկա են գործող 272 կոոպերատիվներ, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում եւ կարեւոր է, որպեսզի այդ արդյունքը տեսանելի լինի բոլորի համար, եւ նրանց փորձը կիրառելով` մյուս գյուղացիական տնտեսությունները նույնպես համոզվեն` կոոպերատիվներին անդամագրումն բերելու է եկամուտների ավելացման:
Մրցանակաբաշխությունը անց է կացվում ի նշանավորումն գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի եւ ձեռքբերումների՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում:
Միջոցառման ընթացքում մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ ներկայացրել են իրենց արտադրանքը, կազմակերպվել է նաեւ ավանդական խոհանոցի ուտեստների համտես՝ պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից:
Միջոցառման մասնակիցների թվում էին նաեւ նախարարությունների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունն անց է կացվում 2011 թվականից: Միջոցառման նպատակն է խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր գյուղատնտեսության ոլորտում հասել են դրական արդյունքների ու կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը, պարենային ու սնուցման անվտանգությանը: Այս տարի մրցանակաբաշխությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը:
Միջոցառման ավարտին լավագույն արտադրողներին նախարար Սերգո Կարապետյանը հանձնել է շնորհակալագրեր եւ խրախուսական նվերներ: Այնուհետեւ նախարարը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ:




























