Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագը եւ դրան նախորդած ու հաջորդած ողջ գործընթացը թուրքական քարոզչության ֆիասկոն էր։

Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Վանի նահանգի համար սա նաեւ  տնտեսական սպասումների ֆիասկո էր։ Այսօր Վանի բիզնես կյանքում տիրում է խորը հիասթափություն։ Այն բիզնեսմենները, որոնց հավաստիացրել էին, որ այցելելու են հազարավոր հայեր եւ նրանք դրանից ստանալու են մեծ եկամուտներ, հիասթափության մեջ են»-նշեց թուրքագետը՝ հավելելով, որ թուրքական շոուի նախատեսված սցենարը թերի մնաց։

Ի հակադրություն թուրքական լրատվամիջոցների, որոնք նշում են, թե  պատարագին մասնակցել են 4000-5000 հայեր, Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ հայ ուխտավորների քանակը Սուրբ Խաչում կազմում էր 700-800 հոգի, որոնց մեծ մասն էլ պոլսահայեր էին։

«Պոլսահայերը չէ, որ թուրքական քաղաքական շոուի սպասված հյուրերն էին։ Նրանք սպասում էին Հայաստանից եկած հայերին եւ սփյուռքահայերին, որոնք չգնացին»,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով, թուրքական քաղաքականության տապալված շոուի մեկ այլ ապացույց էլ այն է, որ պատարագին ոչ մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա չի մասնակցել։ «Ամենաբարձրաստիճան պաշտոնյան եղել է Վանի գավառապետը, նույնիսկ Մշակույթի նախարարությունից ոչ մի ներկայացուցիչ չի եղել»,-ասաց Մելքոնյանը։

Ի դեպ թուրքագետն ասաց, որ ինքը եւս հրավեր էր ստացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, մասնակցելու Սուրբ Խաչում մատուցվող պատարագին, սակայն մերժել է այն: