Իշխանությունները ուզեն թե չուզեն, Հայաստանը զարգանալու է։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ հավելելով. « Շատ ուրախ կլինեի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների գալու եւ գնալու խնդիրը ոչ բիզնեսի հետ կապված լիներ, ոչ  շարքային քաղաքացու»:

«Ես կարծում եմ՝ անկախ նրանից մարդիկ կուզեն, թե ոչ,  իշխանավորները կուզեն, թե չեն ուզի, երկիրը զարգանալու է։ Ես գիտեմ, որ շատ դեպքերում մարդիկ  մտածում են, որ դեռեւս 10-20 տարի հնարավոր չէ Հայաստանում զարգացում։ Բայց երբ որ սկսում ես հիմնավորել  եղած ծավալները, ցուցանիշները, տեսնում ես, որ ուղղակի ասում են, բայց  չեն խորանում մեր ունեցած զարգացման միտումների մեջ»,-ասաց Սուքիասյանը։

Ըստ գործարարի՝ պետք է նոր  մոտեցումներ մշակել այս իրավիճակից դուրս գալու համար։

«2009 թվականին ՀՀ վարկային պորտֆելը  եղել է 812 մլրդ դրամ, 2014-ին՝ երկու տրիլիոնին մոտ։ Ես հարցնում եմ՝ 1 տրիլիոն 200 միլիարդը ո՞ւր է գնացել, տնտեսության մեջ չէ՞, նոր սարքավորումներ են ձեռք բերվել, նոր շենք-շինություն կառուցվել։ Մի ուրիշ բան ասեմ. սովետական շրջանում ունեինք 540 հա սովետական ջերմոցներ, որոնք այսօր մրցունակ չեն։ Պետք է այլ բան մտածել։ Մտածել՝  ինչ կարգի գյուղատնտեսական մշակույթ կիրառել որպեսզի կարողանանք  օգուտով դուրս գալ։ Այսօր  ունենք 100 հեկտարից ավել ժամանակակից ջերմոցներ,  ես տեսնում եմ՝ կոշիկի արտադրությունը 8-10 տարի առաջ շատ փոքր էր, այսօր բավականին հաջողություններ կան»,-մանրամասնեց Խաչատուր Սուքիասյանը։

 Նա ընդգծեց, որ իր համար տեսանելի են զարգացման միտումները, որոշ ոլորտներում առաջընթացի ծավալները։